Տարված լինելով արևելքի մշակույթով և առասպելաբանությամբ՝ Թումանյանն իր անձնական իրերի շարքում մեծ տեղ է հատկացրել հատկապես արևելյան ծագման առարկաներին:
Պարսկական զարդանախշերով այս հավաքածուն բաղկացած է ափսեից և 2 ծաղկամանից:
Ծաղկամանների բարձրությունը՝ 19 սմ, հիմքի տրամագիծը` 6,3 սմ, բերանինը՝ 4,8 սմ: Ողջ մակերեսը բաժանված է 10 պարուրաձև շերտի, որոնց վրա պատկերված են բազմագույն ծաղիկներ, բուսանախշեր, թիթեռներ և սիրամարգի աչք: Ծաղկամանի վերին և ներքին եզրերը պսակված են կապույտ երկրաչափական զարդանախշերով, իսկ պռունկը՝ սև և կարմրավուն: Դրանց վրա պատկերված է սիմուրգ թռչունը՝ հայելային անդրադարձի սկզբունքով:
Ափսեի տրամագիծը 25 սմ է: Ծայրերը զարդարված են 3 կլոր երիզներ (feston) ունեցող 6 մեդալյոններով: Ողջ մակերեսը պատված է բազմերանգ բուսանախշերով և թիթեռներով, որոնք ունեն արևելյան օրնամենտներ և գունային ներդաշնակ համադրություն: Կենտրոնում՝ առանձնացված շրջանակի մեջ, կրկին պատկերված է սիմուրգ թռչունը:
Սիմուրգը (պարսկերեն՝ سیمرغ) պարսկական և իսլամական ավանդույթում գերբնականթռչուն է, որը հաճախ համեմատվում է փյունիկի հետ։
Համաձայն պարսկական առասպելի` Սիմուրգը բնակվում է կենաց ծառի վրա, որի ճյուղերին աճում են աշխարհի բոլոր սերմերը։ Երբ նա թռչում է ծառից, նրա ուժից առաջացած տատանումները ցրում են այդ սերմերն աշխարհով մեկ՝ առողջարար բույսեր և բարեկեցություն բերելով մարդկությանը։ Ավելի ուշ հավքը բույն է դնում պարսկական սուրբ Էլբուրս լեռան վրա, որն անհասանելի է ցանկացած մագլցողի համար։
Սիմուրգն այնքան հին էակ է, որ հասցրել է աշխարհի վերջը վերապրել երեք անգամ։ Ժամանակի ընթացքում նա կարողացել է այնքան բան սովորել, որ տիրապետում է բոլոր տեսակի և բոլոր ժամանակների գիտելիքներին։ Ըստ առասպելներից մեկի` սիմուրգը 1700 տարի է ապրում, որից հետո իրեն գցում է կրակի մեջ ու այրվում, ինչպես փյունիկը:
Սիմուրգի կերպարը հանդիպում է բոլոր ժամանակների պարսկական արվեստում և գրականության մեջ: Այն զուգահեռաբար հանդիպում է նաև Բյուզանդական կայսրության, հայկական և վրացական մշակույթներում: Սիմուրգը` որպես փոխառություն հայոց լեզվում ստացել է սիրամարգ բառաձևը: Ինչպես պարսկերենում, հայերենում ևս այն գործածվում է որպես աղջկա անուն:
Սիմուրգը պատկերվում էր սիրամարգի պոչով, շան գլխով, ու ձկան թեփուկներով պատված հավքի տեսքով, որոնք խորհրդանշում էին նրա կապը բնության երեք տարրի՝ ջրի, օդի և հողի հետ:
Թումանյանին պատկանող հավաքածուն պատրաստված է պղնձից, էմալապատված է մինաքարիի (պարս․՝ میناکاری) տեխնոլոգիայով: Այն մետաղն էմալապատելու հնագույն արվեստ է Իրանում: Արվում է հիմնականում պղնձի վրա, սակայն որոշ դեպքերում նաև՝ ոսկու և արծաթի: Կենտրոնը համարվում է Սպահան քաղաքը:
Մինան գեղանկարչություն է՝ մետաղի վրա արված հատուկ փայլուն գույներով, որոնք բարձր ջերմաստիճանում մշակվելուց հետո այլևս չեն մաքրվում:
Անոթների նկարազարդման համար նախկինում օգտագործվում էին բուսական ու հանքային հիմքով ներկեր, սակայն այսօր դրանք փոխարինվել են քիմիականով:
Ափսեն թանգարանին է նվիրել բանաստեղծի կինը 1952 թ.-ին: Հաշվառանիշն է`ԹԹԳԳ122/ՀԲ88:
Ծաղկամանները ընտանիքը նվիրել էր թումանյանագետ Արամ Ինճիկյանին` ի երախտագիտություն Թումանյանի գրական ժառանգությանը նվիրված նրա մեծ աշխատանքի:
Թանգարանը ձեռք է բերել դրանք տարիներ անց՝ 2008 թ.: Հաշվառանիշն է`ԹԹԳԳ 1689/1, 2: